ԳԱՌՆԱՐԱԾ Դավիթը
Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։