Հաճախ եմ ինքս ինձ հարցնում`որն է հայրենիքը: Վերջերս, փորձելով տալ հայրենիքի սահմանումը, ես հասկացա` ինչքան փորձում եմ հասկանալ իմաստը խորությամբ, այնքան ավելի մեծ ուժով է պոռթկում ենթագիտակցական սիրո խոստովանությունը. <<Սիրում եմ քեզ, Հայաստա´ն>>: Սիրում եմ հայրենիքս իր ողջ մաքրությամբ ու արատներով, փառավորությամբ ու նվաստ կարգավիճակով: Նվաստ, որովհետև երբեմնի հզորագույն հայ ժողովրդին թելադրում են նրանք, ովքեր գրեթե վերջերս են ծնունդ առել: Ինչ լավ կլիներ, եթե մենք չլինեինք ուրիշի դավադրությունների գործիքը: Ավա~ղ, մենք չենք գիտակցում, թե որն է լավը: Չենք գիտակցում, որ ուրիշի առջև վիզ ծռելով, Եվրոպական ատյաններում հայկական հարցը բարձրացնելով` մենք բարօրություն չենք գտնի: Ոչ ոք մեզ հենց այնպես ազատություն չի շնորհի: Մենք պիտի կերտենք մեր երազանքի կատարյալ Հայաստանը:Շարունակում եմ` ինքս ինձ հակասելով: Կատարյալ երկիր չի լինում, քանի որ շատ հաճախ հայրենասիրությունը, նվիրվածությունն ու անձնազոհությունը տեղի են տալիս նյութապաշտությանն ու երանելի փառքին: Ուրեմն երկիր կառուցողը հայրենասեր ժողովուրդն է, ոչ թե փառասեր պաշտոնյան: Ես էլ այդ ժողովրդի մասնիկն եմ: Ուսումս ավարտելուն պես պայքարելու եմ, ձգտելու եմ վերացնել երկրիցս մուրացկանությունը, գործազրկությունը, տգիտությունն ու ,այո՛, օտարամոլությունը:Վստահ եմ, որ չեմ լինի հեռացողների թվում: Շատերն են ասել, որ շատ բան ես դեռ չեմ հասկանում ու ճանապարհիս կեսից կարող է հետ կանգնեմ` թույլ տալով հիասթափությանը ճնշել ազատատենչ ոգիս: Չեմ ուզում ծեծված խոսքեր ասել, խոստումներ տալ, որոնց, հնարավոր է, հավատարիմ չմնամ: Բայց Հայաստանը միայն ես չեմ: Հայաստանը դու ես, նա է, մենք ենք, ու եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա իր սրբազան պարտքը հայրենիքի առջև ու գոնե մի մասը փորձի իրագործել, մենք կունենանք մի հոյակապ երկիր, որի շարժիչ ուժը կլինի հենց ժողովուրդը: Ուրեմն եկեք թույլ տանք զգացմունքներին կառավարել մեզ, եկեք մեր անվերջ հաշվարկներով լի կյանքը դարձնենք իսկապես իմաստալից: Ես սիրում եմ, հավատում, պատրաստ եմ գործելու, իսկ դու՞ք…
ԻՆՉ Է ԻՄ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Պատասխանել