Հողաթափիկ ինֆուզորիյա

Հողաթափիկ ինֆուզորիան ունի 170–330 մկմ երկարություն (սովորաբար 200–300 մկմ)[6]: Մարմնի ցիտապլազմայի արտաքին շերտը (պելլիկուլա) խիտ է և ներառում է արտաքին թաղանթի տակ գտնվող թաղանթային հարթ ալվեոլներ, միկրոփողեր և ցիտոկմախքի այլ տարրեր։ Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը Բջջի մակերեսի վրա հիմնականում երկայնական շարքերով տեղակայված են թարթիչներ[7], որոնց քանակը կազմում է 10-ից մինչև 15 հազար[8]։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքում ընկած է հիմային մարմնիկը, իսկ կողքին՝ երկրորդը, որից թարթիչը չի անջատվում։ Ինֆուզորիաների մոտ հիմային մարմնիկներին է միացած ինֆրացիլիատուրան՝ ցիտոկմախքի բարդ կառուցվածքը։ Հողաթափիկի մոտ այն ներառում է դեպի ետ ուղղված պոստքինետոդեսմալ ֆիբրիլները և ճագաֆայթաձև տարամետ ուղղված լայնակի ֆիլամենտները։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքի մոտ առկա է արտաքին թաղանթների ներթափանցված հատված՝ պարասոմալ պարկ։ Թարթիչների միջև գտնվում են մանր իլիկաձև մարմնիկներ՝ տրիխոցիստներ[4][5], որոնք դիտվում են որպես պաշտպանության օրգանոիդներ[9]։ Նրանք գտնվում են թաղանթային պարկերում և բաղկացած են մարմնից և ծայրից։ Տրիխոցիստները կառուցվածքով տարբեր էքստրուսոմ օրգանոիդների տեսակ են, որոնց առկայությունը բնորոշ է ինֆուզորիաներին և նախակենդանիների մի շարք այլ խմբերի։ Նրանց մարմինը ունի լայնակի մանրագծեր 7 նմ պարբերականությամբ։ Ի պատասխան գրգռման (ջերմություն, բախում գիշատիչի հետ) տրիխոցիստների թաղանթային պարկը միաձուլվում է արտաքին թաղանթի հետ, իսկ տրիխոցիստը վարկյանի մեկ հազարերորդականում երկարում է 8 անգամ։ Ենթադրվում է, որ տրիխոցիստները, ջրում ուռչելով, կարող են դժվարացնել գիշատչի շարժումը։ Հայտնի են հողաթափիկ ինֆուզորիաների մուտանտներ, որոնք զուրկ են տրիխոցիստից և միանգամայն կենսունակ են։ Ընդհանուր առմամբ հողաթափիկ ինֆուզորիաներն ունեն 5-8 հազար տրիխոցիստ։ Հողաթափիկներն ունեն 2 կծկվող վակուոլներ բջջի առջևի եւ հետևի մասում[7]։ Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է ռեզերվուարից և դրանից հեռացող ճառագայթներից, որոնց շնորհիվ դրանք ստանում են աստղի տեսք[10][11]։ Ռեզերվուարը բացվում է դեպի դուրս, դրանից դուրս եկող ճառագայթները շրջապատված են բարակ խողովակների ցանցով, որով հեղուկը ցիտոպլազմայից հոսում է դրանց մեջ։ Ամբողջ համակարգը պահվում է որոշակի հատվածում միկրոփողերի ցիտոկմախքի միջոցով։